Ցեղասպանություն տերմինը 1944-ին շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ, քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Ռաֆայել Լեմկինը: Հոլոքոստը վերապրած Լեմկինն այս տերմինով ցանկանում էր նկարագրել համակարգված սպանությունների և բռնությունների նացիստական քաղաքականությունը, ինչպես նաև` 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները: «Ցեղասպանություն»` «գենոցիդ» տերմինը գոյացել է հունարեն γένος-ռասա կամ ցեղախումբ և լատիներեն caedo-սպանել բառերի համակցումից: 1945-ին, երբ Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալը նացիստական ղեկավարությանը դատապարտեց մարդկության դեմ իրագործված հանցագործությունների մեջ, «ցեղասպանություն» բառը ներառվեց դատավճռում, սակայն որպես նկարագրական, այլ ոչ թե իրավական եզրույթ:

1948-ի դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն, և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել այն իրականացնողներին: 

Կոնվենցիայի համաձայն ցեղասպանություն է համարվում հետևյալ գործողություններից ցանկացածը, որն իրականացվում է որևէ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով.

1. Խմբի անդամների սպանություն.
2. Խմբի անդամներին լուրջ ֆիզիկական կամ մտավոր վնասների պատճառում.
3. Խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը.
4. Այնպիսի գործողությունների իրականացում, որոնք ուղղված են խմբի ներսում ծնելիության կանխմանը.
5. Խմբի երեխաներին բռնությամբ մեկ այլ խումբ տեղափոխումը:

Կոնվենցիայի ընդունումից հետո որոշ գիտնականներ առաջարկել են ավելի համընդգրկուն սահմանումներ:

Մասնավորապես` 1959-ին իրավագետ Փիթեր Դրոստը սահմանել է ցեղասպանությունը` «մարդկանց` որևէ խմբի պատկանելիության համար կյանքից կանխամտածված զրկելը»:

Անվանի ցեղասպանագետ, «Ցեղասպանության հանրագիտարանի» խմբագիր Իսրայել Չարնին առաջարկել է հետևյալ սահմանումը. «Ցեղասպանությունը, ընդհանրական իմաստով, զգալի թվով մարդկանց զանգվածային սպանությունն է, որը չի իրագործվել թշնամու զինված ուժերի դեմ ռազմական գործողությունների ընթացքում, այլ` զոհերի անպաշտպանվածության և անօգնականության պայմաններում»:

ՄԱԿ-ի կոնվենցիան քաղաքական խմբի անդամների սպանությունը չի սահմանում որպես ցեղասպանություն, սակայն շատ ցեղասպանագետներ պնդում են` ցեղասպանության սահմանման մեջ ներառել նաև այդ կետը:Նշանավոր ցեղասպանագետ և սոցիոլոգ Լեո Կուպերը գտնում է, որ ժամանակակից աշխարհում քաղաքական տարաձայնություններն առնվազն նույնքան կարևոր հիմք են կոտորածների և ոչնչացման համար, որքան ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնական տարբերությունները: Ի լրումն կոնվենցիայում քաղաքական խմբի սպանությունը` որպես ցեղասպանություն դիտվող սահմանման բացակայության, գիտնականներ Թեդ Գուրը և Բարբարա Հարֆը շրջանառության մեջ են դրել «Պոլիտիցիդ» տերմինը:

Պոլիտիցիդ կամ քաղաքական սպանություն` ցեղասպանագիտության մեջ հենց այս եզրով է սահմանվում ցեղասպանության զոհ հանդիսացող ազգի կամ ժողովրդի ազգային, քաղաքական, հասարակական, ռազմական, գիտական և մշակութային գործիչների կանխամտածված ու զանգվածային ոչնչացումը ցեղասպանությունն իրականացնող դահճի կողմից: Նպատակը մեկն է` ցեղասպանության իրագործումից առաջ կամ ընթացքում զրկել տվյալ էթնոսին ինքնապաշտպանության կազմակերպումն ստանձնելու կարող ուժից:

Զանգահարել