Ֆինանսական հաշտարարի գրասենյակը ստեղծվել է հիմք ընդունելով կառույցի արդյունավետությունն ապահովող հանրորեն ճանաչված գործունեության սկզբունքները: Այդ սկզբունքները ներառում են` Անկողմնակալություն, Թափանցիկություն, Արդյունավետություն, և Արդարություն:

Գրասենյակի նպատակը ֆինանսական ոլորտում ֆիզիկական անձ սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությունն է, նրանց պահանջների արագ, արդյունավետ և անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը և ֆինանսական միջնորդության ավելացումը:

Սպառողը կարող է ներկայացնել բողոք/պահանջ ՀՀ տարածքում գործող հետևյալ ֆինանսական կազմակերպությունների դեմ`

– Բանկեր
– Վարկային կազմակերպություններ
– Ապահովագրական ընկերություններ
– Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
– Ապահովագրական բրոքերներ
– Ներդրումային ընկերություններ
– Գրավատներ
– Արտարժույթի առքուվաճառք իրականացնող անձանց
– Արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառք իրականացնող անձան
– Դրամական փոխանցումներ իրականացնող անձանց:

Գրասենյակը իրավասու է քննելու ֆիզիկական անձանց պահանջ-բողոքները, եթե հիմք համարվող գործողությունները կամ անգործությունը տեղի են ունեցել 2008թ.-ի օգոստոսի 2-ից հետո և Հաշտարարին դիմել են ֆինանսական կազմակերպությանը դիմելուց ոչ ուշ, քան 6 ամիս հետո: Գույքային պահանջը չպետք է գերազանցի 10 մլն. դրամը և այդ պահանջը պետք է նախապես ներկայացված լինի ֆինանսական կազմակերպությանը:

Հաշտարարին դիմելով հաճախորդը ոչինչ չի կորցնում, քանի որ Հաշտարարի ծառայություններն անվճար են, իսկ քննության գործընթացը պարզ է և կարճ`առանց քաշքշուկների, չկա իրավապաշտպանի անհրաժեշտություն, հաշտարարի որոշումը չի կրում պարտադիր բնույթ, և հաճախորդը միշտ կարող է դիմել դատարան, եթե համաձայն չէ Հաշտարարի որոշման հետ:

Հաշտարարը վստահելի է քանի որ ունի անկախ կառավարման համակարգ, ֆինանսավորվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից, ստանում է օրենքով սահմանած բարձր աշխատավարձ, ինչը ապահովում է անկողմնակալ որոշումների կայացում: Պարբերաբար հրապարակվող հաշվետվությունները ապահովում են Հաշտարարի գրասենյակի գործունեության թափանցիկությունը: Հաճախորդներին միշտ տրվում է բանավոր լսումների հնարավորություն, որտեղ կողմերը կարող են բերել համապատասխան դիրքորոշումներ և գալ մեկ ընդհանուր հայտարարի:

Հաշտարարն իրավասու չէ քննել պահանջը, եթե նույն պահանջի վերաբերյալ առկա է դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ, կամ պահանջը արդեն գտնվում է դատարանում կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում:

Պահանջների օրինակներ, որոնք Հաշտարարն իրավասու է քննել`

– Սպառողը իրականացրել է դրամական փոխանցում, որի ուշացման հետևանքով կրել է դրամական կորուստ
– Սպառողը ապահովագրել է իր մեքենան և վթարի ժամանակ վնասել է այն, իսկ ապահովագրական ընկերությունը հրաժարվում է փոխհատուցել վնասը
– Սպառողի վարկային հաշվից (օրինակ պլաստիկ քարտով) գանձվել է գումար, որի մասին նա տեղյակ չէ
– Սպառողի կարծիքով վարկային կազմակերպությունը կամ բանկը սխալ է հաշվարկել իր վարկի տոկոսագումարները/ամսեկան մարումների չափը:

Պահանջների օրինակներ, որոնք Հաշտարարն իրավասու չէ քննել`

– Սպառողը պահանջում է, որպեսզի բանկը հետաձգի իր վարկային պայմանագրով նախատեսված տոկոսների մարման ժամկետը
– Սպառողը ապահովագրական պատահարի ժամանակ տուժած երրորդ անձ է, պահանջում է հատուցում, սակայն ապահովագրական ընկերության հետ չի գտնվում պայմանագրային հարաբերություններում
– Վարկային կազմակերպությունը կամ բանկը հրաժարվում է վարկ տրամադրել
– Սպառողը հանդիսանում է լուծարված, սնանկ ճանաչված կազմակերպության ավանդատու, պարտատեր և այլն:

Զանգահարել